Փորձարարական հետազոտություն․ Հոսանքի ուժի կախումը լարումից։ Օհմի օրենքի հաստատումը
Նպատակը – Փորձարարական եղանակով ուսումնասիրել հոսանքի ուժի կախվածությունը լարումից և հաստատել Օհմի օրենքը էլեկտրական շղթայի տեղամասի համար։
Ֆիզիկան ուսումնասիրում է բնության մեջ գոյություն ունեցող պատճառահետևանքային կապերը։ Էլեկտրական երևույթների մեջ նույնպես հանդիպում ենք նման կապերի, որոնցից մեկն էլ կքննարկենք տվյալ աշխատանքի ընթացքում։ Հաղորդչում լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը պայմանավորված է էլեկտրական դաշտի առկայությամբ։ Էլեկտրական դաշտը քանակապես բնութագրվում է շղթայի երկու կետերի միջև առկա պոտենցիալների տարբերությամբ՝ լարումով։ Դաշտի ազդեցության արդյունքում հաղորդչում առաջանում է էլեկտրական հոսանք, որի հիմնական քանակական բնութագիրը հոսանքի ուժն է։
Այստեղ առաջանում է կարևոր հարց․ ինչպիսի՞ քանակական կապ գոյություն ունի լարման և հոսանքի ուժի միջև։ Այդ կապի բացահայտումն էլ հենց հանդիսանում է այս նախագծի հիմնական նպատակը՝ հոսանքի ուժի կախվածության ուսումնասիրումը լարումից, որի արդյունքում փորձարարական ճանապարհով հաստատվում է Օհմի օրենքը։
Անհրաժեշտ սարքավորումներ – Փորձը իրականացնելու համար նախ հավաքում ենք էլեկտրական շղթա։ Դրա համար անհրաժեշտ են հետևյալ սարքավորումները․
հոսանքի աղբյուր, որը ապահովում է էլեկտրական հոսանքի առկայությունը շղթայում։ Քանի որ անհրաժեշտ է փոխել լարումը, օգտագործվում է լարման կարգավորվող սնուցման աղբյուր (ուղղիչ)։
ամպերմետր, որը չափում է հաղորդչով անցնող հոսանքի ուժը և միացվում է շղթային հաջորդաբար։
վոլտմետր, որը չափում է հաղորդչի վրա կիրառվող լարումը և միացվում է հաղորդչին զուգահեռ՝ նրա ծայրերի միջև։
տարբեր դիմադրություններով հաղորդիչներ, որոնց հերթական միացման միջոցով հնարավոր է դիտարկել հոսանքի ուժի փոփոխությունը լարման փոփոխման դեպքում։
Աշխատանքի ընթացքը – հավաքում ենք էլեկտրական շղթան, այնուհետև փոփոխելով լարումը և հաստատուն պահելով հաղորդչի դիմադրությունը՝ գրանցում ենք ամպերմետրի ցուցմունքները։
Ստացված տվյալների հիման վրա կազմում ենք աղյուսակ և կատարում համապատասխան եզրակացություն՝ հաստատելով Օհմի օրենքը։